Փետրվարի 20-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված` 65 մլն եվրո ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել էներգաարդյունավետությանը, շրջակա միջավայրի պահպանմանն ու համայնքային զարգացմանն ուղղված երեք նախագիծ, ինչպես նաև նախատեսվում է մշակել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի կյանքի կոչման համար անհրաժեշտ գործիքակազմ:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որի նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին: Մասնավորապես, նախատեսվում է գոյություն ունեցող շենքերում (օրինակ, բազմաբնակարան շենքերում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում) բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն` էներգաարդյունավետության ստանդարտների ներդրման համար:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով էներգախնայողության թեմային, ընդգծել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք բոլորս մեր աշխատավայրերի և տների ջեռուցման և հովացման համար ծախսում ենք մեծ գումար: Եվ այդ մեծ գումարը կարող է նվազեցվել որոշակիորեն, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, ջերմախնայողության ներդրում անելու պարագայում կծախսենք 700 դրամ, և էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ընտանեկան բյուջեի, կամ ընդհանրապես մեր ծախսերի վրա: Այս առումով, կարծում եմ, որ էներգախնայողության թեման, հատկապես մեզ համար, պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն: Մենք պետք է խնդիր դնենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ձգտի դառնալ մաքսիմալ արդյունավետ: Սա տնտեսական խնդիր է, սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է…»:
Աղբյուրը` https://b24.am/economy/80463.html
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին