Կայուն ֆինանսների ֆորումի (SUSFIN) 4-րդ հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 7-ին և 8-ին, որը կենտրոնացած էր Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (EECCA) շուկաների վրա։ Վիրտուալ երկօրյա ֆորումի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ թեմաներ՝ սկսած բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) մինչև վերականգնվող էներգետիկա, գյուղատնտեսություն և կլիմայական ռիսկեր: Տարբեր հաստատությունների, ինչպիսիք են EBRD-ն, IFC-ն, ներդրումային հիմնադրամների և կառավարական կազմակերպությունների փորձառու մասնագետների հետ միասին, GEFF-ի փորձագետները հնարավորություն ունեցան միանալ տարածաշրջանում կայուն ֆինանսավորման զարգացման ուղիների վերաբերյալ քննարկմանը:
Ֆորումի մեկնարկին քննարկվեց, թե ինչպես են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն ազդել տարածաշրջանի գործունեության և ֆինանսական հատվածի վրա: «Կանաչ եռյակ հիմնադրամի» հիմնադիր գործընկեր Սերգեյ Մասլիչենկոն մասնակիցներին դիմեց ուղերձով. «Ավելի կանաչ կառուցե՛նք»՝ նշելով, որ կան հնարավորություններ կիրառելու այնպիսի տեխնոլոգիաներ և ռազմավարական մոտեցումներ, որոնք հիմք կծառայեն կայուն ֆինանսների զարգացման համար:
Անշուշտ, կառավարությունների, կենտրոնական բանկերի և ֆինանսական հաստատությունների միջև պետք է լինի սերտ համագործակցություն՝ ավելի կանաչ ֆինանսավորման համակարգին անցնելու և ավելի մեծ նպատակներ իրականացնելու համար: Ինչպես ընդգծեց IFC-ի Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) համակարգող Լուիզ Գարդիները, կենտրոնական բանկերը պետք է աշխատեն նպաստավոր միջավայր ստեղծելու և շուկան ուղղորդելու ուղղությամբ: Վրաստանի Ազգային բանկը առաջիններից էր, որ միացել է SBFN ցանցին, և ներկայումս գտնվում է Կայուն ֆինանսների ճանապարհային քարտեզի մշակման փուլում: Ղրղզստանը նույնպես զգալի քայլեր է ձեռնարկել իր ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ, որ հիմնված է չորս հիմնասյուների վրա՝ քաղաքականություն և օրենսդրական փաստաթղթեր, ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում, շրջակա միջավայրի անվտանգության ապահովում և գիտելիքի փոխանակման հարթակների ստեղծում:
Տարածաշրջաններում կայուն ֆինանսավորման արագացումն առաջնահերթություն է բազմաթիվ միջազգային կառույցների և ներդրողների համար: Այնուամենայնիվ, կապիտալ տրամադրելու հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև աջակցել տարածաշրջանային գործընկերներին իրենց ամենօրյա գործունեության մեջ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ: Գիտելիքի փոխանակումը նույնպես կարևոր է շուկայում այլ ֆինանսական գործիքների մշակման համար (ինչպիսիք են, օրինակ՝ կանաչ կամ կայուն զարգացման նպատակների պարտատոմսերը): Չնայած Եվրոպայում այդ գործիքների տարածվածությանը, ոչ-ԵՄ շուկաներում դեռևս ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք դառնան ստանդարտ գործիքներ: Ժամանակի ընթացքում, տաքսոնոմիայի համապատասխանեցման և ստուգման խիստ ստանդարտների շնորհիվ, ԱԵԿԿԱ տարածաշրջանը կարող է հետաքրքիր շուկա դառնալ այդ գործիքների համար:
Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկային, EECCA տարածաշրջանն առաջարկում է ամենահետաքրքիր հնարավորությունները: Ե՛վ մասնավոր, և՛ պետական հատվածները հետաքրքրված են քամու և արևային ծրագրերի իրականացմամբ: Տարածաշրջանում GEFF-ի գործունեությունից դատելով, տարբեր ոլորտներից ավելի ու ավելի շատ բիզնեսներ են հետաքրքրվում վերականգնվող էներգիայի օգտագործմամբ: Սա մեծապես պայմանավորված է էլեկտրաէներգիայի գների թանկացմամբ։ Վերականգնվող էներգիայի ներուժի օգտագործման առավելությունները պարզ են. դրանք օգուտներ են տալիս կառավարությանը, շատ մրցունակ ռեսուրս են, բարձրացնում են էներգամատակարարման կայունությունը և նպաստում են էներգետիկ անկախությանը: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաների մեծ մասը հավասարապես հասանելի են, քանի որ տեխնոլոգիական ռիսկերը առանձնապես շատ չեն։ Այնուամենայնիվ, ֆինանսական շուկան պետք է էապես զարգանա՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանն աջակցելու համար:
Ֆորումի ընթացքում կլիմայական ռիսկերը նույնպես երկար քննարկման առարկա դարձան, հիմնականում գյուղատնտեսության համատեքստում: Ինչպես նշեց IFC-ի Եվրոպայի կլիմայի և ագրոֆինանսական ծառայությունների ծրագրերի ղեկավար Լիա Սորոկան, գյուղատնտեսությունը մնում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներից մեկը: Այնուամենայնիվ, տարածաշրջանային մի շարք հակամարտություններ, համաճարակը և ապրանքների գների աճը՝ բոլորն էլ խաչընդոտներ են առաջացնում գյուղատնտեսության արժեքային շղթայում: Տիկին Սորոկան ընդգծեց տեխնոլոգիաների և կայուն պրակտիկաների կիրառման կարևորությունը՝ սովի և վատ սնվելու կանխարգելման հարցում: Ֆինանսական հաստատությունները պետք է հասկանան գյուղատնտեսական բիզնեսի առանձնահատկությունները՝ տեղական ֆերմերներին աջակցող և հզորացնող գործիքներ մշակելու համար: Սա հատկապես ճիշտ է փոքր ծավալներով աշխատող ֆերմերների համար։ Երբ խոսքը գնում է գյուղատնտեսական արժեքային շղթայում մանր սեփականատերերին ներառելուն, կարևոր նշանակություն ունեն գիտելիքների փոխանակումը, գնային քաղաքականության մշակումը և ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելը:
Ֆորումն ավարտվեց ESG կառավարման և կլիմայական ռիսկերի վերաբերյալ վարպետության դասով: Կլիմայի ռիսկերի կառավարման ծառայությունների գործադիր տնօրեն Գերհարդ Մալդերը և ծրագրի ղեկավար Նատալի Լոքթոնը քննարկեցին կլիմայական ռիսկերը և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի և հաստատությունների վրա: Վարպետության դասի ընթացքում խորությամբ ուսումնասիրվեցին կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի տեսակները և ներկայացվեցին առաջնահերթ խնդիրներն այն հաստատությունների համար, որոնք ցանկանում են մեղմել, հարմարվել կամ կանխել ճգնաժամը. նախ և առաջ, հաստատությունները պետք է իրենց համար ունենան կլիմայի փոփոխության հստակ սահմանում, և թե ինչպես է այն ազդում իրենց կազմակերպության վրա: Այնուհետև նրանք պետք է մտածեն, թե ինչպես կարող են կլիմայի հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները զարգանալ, և նրանք պետք է հասկանան, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ տարբեր հանգամանքներում (սցենարների վերլուծություն): Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնել սցենարների վերլուծության և կլիմայական ռիսկերի ճշգրիտ գնահատման առավելությունները՝ Կլիմայի ռիսկերի կառավարման ծառայությունների դասընթացավարների կողմից ներկայացված բազմաթիվ դեպքերի ուսումնասիրությունների օգնությամբ:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին