2023թ․-ի մարտի 15-ին, GEFF-ը Հայաստանում ծրագրի թիմը և Հայաստանի վերականգնվող ռեսուրսների և էներգաարդյունավետության հիմնադրամը (R2E2) անցկացրել են բնապահպանական կայունության վերաբերյալ՝ «Շրջանաձև տնտեսություն. օգուտներ և հնարավորություններ տեղական բիզնեսի համար» խորագրով համատեղ միջոցառում։
Շրջանաձև տնտեսությունն արտադրության և սպառման մոդել է, որով առկա նյութերն ու արտադրանքը, վարձակալվում, վերաօգտագործվում, օգտագործվում են համատեղ, վերանորոգվում, վերականգնվում և վերամշակվում են՝ արտադրանքի կյանքի ցիկլը հնարավորինս երկարացնելու համար: Գործնականում թափոնները նվազագույնի են հասցվում, ծախսերը խնայվում են, մրցունակությունը բարձրանում է, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը՝ կրճատվում։
Միջոցառման նպատակն այս կարևոր թեմայի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն տրամադրելն էր։ Բացի այդ, քննարկվեցին շրջանաձև տնտեսությանն առնչվող միտումներն ու լավագույն փորձը, և մասնակիցներին ներկայացվեցին տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ձեռնարկություններին նվազագույնի հասցնել թափոնները և օպտիմալացնել ռեսուրսների և նյութերի օգտագործումը՝ դրանք հնարավորինս երկար պահելով օգտագործման մեջ՝ դրանց կրկնակի օգտագործման և վերամշակման միջոցով:
«Քանի որ տեղական ջերմոցային գազերի արտանետումները հիմնականում պայմանավորված են ռեսուրսների արդյունահանմամբ և վերամշակմամբ, շրջանաձև տնտեսությանն ուղղված նպատակային քայլերի իրականացումը կարող է էական ներդրում ունենալ Հայաստանի կլիմայական նպատակներին հասնելու գործում», – ասում է GEFF-ը Կովկասում ծրագրի ղեկավար Գերնոտ Կուլիշը:
ՎԶԵԲ-ը գիտակցում է էներգետիկ կայունության ոլորտում ներդրումների խիստ անհրաժեշտությունն այն երկրներում, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալում և մշակել է ֆինանսավորման այնպիսի գործիք, որը մասնավորապես նախատեսված է փոքր ու միջին ձեռնարկությունների էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության ներդրումային նախագծերի համար: Այնուամենայնիվ, ինչպես նշեց ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Վարդուհի Չիլինգարյանը.— «Միայն ֆինանսները հաճախ չեն կարողանում հաղթահարել մարտահրավերները, որոնք առնչվում են ձեռնարկություններին։ Բիզնեսը նաև կարիք ունի նոու-հաուի, կապերի հաստատման և հմտությունների հասանելիության, որոնք կօգնեն նրանց նորարարություններ իրականացնել և հաջողության հասնել»։ Ներգրավելով տեղական բիզնեսներին՝ կարելի է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք խանգարում են նրանց բացահայտել ներդրումային հնարավորությունները և իրականացնել դրանք:
Երևանում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 ներկայացուցիչներ և որոշում կայացնողներ Հայաստանից, որոնք ներկայացնում էին տեղական բիզնեսի, ֆինանսական կառույցների, ՀԿ-ների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և այլ ոլորտներ։