ՎԶԵԲ-ը, Հայաստանի ֆինանսների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կնքել են համաձայնագիր, ըստ որի 1.9 միլիոն եվրո համաֆինանսավորման դրամաշնորհ է տրամադրվում՝ աջակցելու Երևանի քաղաքային լուսավորության արդիականացմանը:
Դրամաշնորհը տրամադրվում է ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող E5P՝ Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի պահպանման գործընկերության հիմնադրամի կողմից, որը գործում է Եվրամիությունից և մի շարք դոնոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ստացվող գումարների շնորհիվ:
2015 թվականի մայիսին ՎԶԵԲ-ը տրամադրել էր 3․7 միլիոն եվրո վարկ՝ արդիականացնելու Երևանի քաղաքային լուսավորության համակարգը՝ ներմուծելով նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ: Դրամաշնորհն այժմ կօգնի ավելի արդյունավետ ու էկոլոգիապես անվնաս դարձնել լուսավորության համակարգը:
Ծրագիրը կօգնի ներմուծել նոր էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, հսկողության և մշտադիտարկման համակարգ, կատարել սյուների փոխարինում և վերանորոգում, սնուցող մալուխների փոխարինում: Դա կհանգեցնի սպասարկման ավելի բարձր որակի և բարելավված բնապահպանական ստանդարտների՝ էներգիայի կրճատված սպառման, ինչպես նաև շահագործման ու պահպանման ծախսերի նվազեցման: Ակնկալվում է, որ նոր լուսադիոդային լուսավորությունը 64%-ով կկրճատի էներգիայի սպառման ծախսերը:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը նշել է, «Անչափ շնորհակալ ենք բոլոր դոնոր կազմակերպություններին, մասնավորապես Եվրոպական միությանը և Շվեդիային, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը և քաղաքապետարանին, այսպիսի հաջողված համագործակցության համար: Դրամաշնորհը շատ կարևոր ներդրում է E5P հիմնադրամի կողմից: Այն կհամալրի ՎԶԵԲ-ի վարկային միջոցները և կնպաստի ծրագրի հաջող ընթացքին ու ավարտին: Դրամաշնորհը հանդիսանում է E5P հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող առաջին ծրագիրը: Հուսանք այն օրինակ կծառայի և կնպաստի E5P հիմանդրամի դրամաշնորհների օգնությամբ նոր ծրագրերի իրականացմանը՝ կոշտ թափոնների կառավարման ու էներգաարդյունավետության բարձրացման ոլորտներում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին