ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանում կաթնարդյունաբերության բնագավառում նորարարության և իրազեկ տնտեսության զարգացմանը:
«Նորարարություններ և գիտելիքի փոխանակում կաթնամթերքի արտադրության ոլորտում» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր ՎԶԵԲ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ Երևանում հունիսի 21-ին:
Շուրջ 80 մասնակից, այդ թվում, առևտրային կաթնամթերային ֆերմաների սեփականատերեր, կաթնամթերքի տեղական արտադրողներ, ոլորտի փորձագետներ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ մասնակցեցին համաժողովին՝ գործնական օրինակների միջոցով ծանոթանալու ողջ տարածաշրջանի (Հայաստան, Վրաստան և Ուկրաինա) կաթնամթերքի արտադրության ոլորտում նորամուծություններին։ Նախաձեռնությունն առաջարկվել էր նորարարական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում կարողություններ ստեղծելու նպատակով, որպեսզի արտադրությունը դառնա ավելի արդյունավետ և էֆեկտիվ, և դրա գլխավոր նպատակը Հայաստանում կաթնամթերքի որակի և անվտանգության բարելավումն ու երկրի ագրոարդյունաբերական ոլորտի ընդհանուր մրցունակության բարձրացումն է:
ՎԶԵԲ-ի կողմից նախաձեռնած ուսումնասիրության համաձայն, Հայաստանում կաթնարդյունաբերության ոլորտում գերակշռում են փոքր արտադրությունները, որոնք օգտագործվում են ցածր արտադրողականությամբ և որակական ցածր չափանիշ ունեցող հնացած տեխնոլոգիաներ: Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ առկա է արտադրությունն արդիականացնելու հրատապ անհրաժեշտություն՝ տեղական կաթնամթերքի որակն ու անվտանգությունը բարելավելու համար:
«ՎԶԵԲ-ն ավելի քան 10 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Այս ոլորտն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 21%-ը, աշխատուժի մոտ 36%-ի զբաղվածությունը, և այդ իսկ պատճառով այն Հայաստանի տնտեսության առավել կարևոր ոլորտ է հանդիսանում: Ներկայումս մենք Հայաստանի կաթնամթերքի ոլորտի հետագա զարգացման մեծ ներուժ ենք տեսնում: Արտադրողականության բարձրացումն ու կաթի որակի բարելավումը կօգնեն, որպեսզի ֆինանսավորումն ավելի հասանելի դառնա ընկերությունների համար, և որպեսզի նրանք գրավիչ դառնան ռազմավարական ներդրողների համար», – ասել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող: Այն 149 ծրագրերի միջոցով ավելի քան 1 մլրդ եվրոի ներդրում է կատարել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ինչպես նաև ենթակառուցվածքների ու էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88%-ը բաժին են ընկնում մասնավոր հատվածին: Միայն Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտում ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 75 մլն եվրո:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին