ՎԶԵԲ-ը ընդլայնում է աջակցության ծավալն իր գործունեության 38 զարգացող երկրների համար՝ նպաստելով ճգնաժամի հասցրած վնասների դիմակայմանը:
ՎԶԵԲ-ի բաժնետերերը համաձայնության են եկել իրականացնել արձագանքման և վերականգնման համապարփակ միջոցառումների մի շարք, որոնք համալրում են Բանկի «Սոլիդարության փաթեթը»: Վերջինս, առաջին անգամ հրապարակվել է մարտի 13-ին: Այժմ Բանկը պատրաստ է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել 2020-2021թթ․ ժամանակահատվածում:
ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին COVID-19–ը որակել է որպես աննախադեպ մարտահրավեր աշխարհի և ՎԶԵԲ-ի տարածաշրջանների համար: Հայտարարելով նոր միջոցառումների մասին, նա նշել է․ «Ճգնաժամն այնքան լայնատարած է, որ գործնականում ակնկալվում է, որ առաջիկա մեկ կամ երկու տարիների ընթացքում Բանկի ամբողջ գործունեությունն ուղղված կլինի ճգնաժամային արձագանքին»:
Ներկայումս, ՎԶԵԲ-ը հարմարեցնում և ընդլայնում է գոյություն ունեցող գործիքները: Այն մշակում է ֆինանսական աջակցության և քաղաքականության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման նոր նախաձեռնություններ, որոնք կօգնեն երկրներին կանխել համաճարակի անմիջական սպառնալիքները: Բանկը նաև նախապատրաստում է իր գործունեության երկրները հետհամաճարակային ժամանակաշրջանի իրողություններին` պահպանելու այդ երկրների, դժվարությամբ նվաճած առաջընթացը դեպի կայուն, արդար և բաց շուկայական տնտեսություն։
ՎԶԵԲ-ի «Սոլիդարության փաթեթի» առանցքային լուծումը «Ճգնաժամին դիմակայելու ծրագիրն» է, որը ֆինանսավորում է տրամադրում գործող հաճախորդների իրացվելիության և կարճաժամկետ շրջանառու միջոցների կարիքների բավարարման նպատակով: Որպես մեծածավալ արձագանքման ձև, Ծրագրի ներքո առկա ֆինանսավորումը 1 միլիարդ եվրոյից կավելանա մինչև 4 միլիարդ եվրո, ընդգրկելով նաև առկա հաճախորդների դուստր ձեռնարկությունները:
ՎԶԵԲ-ն «Առևտրի աջակցման ծրագրի» շրջանակում կընդլայնի ֆինանսավորման ծավալները` արձագանքելով առևտրի ֆինանսավորման աճող պահանջարկին` դժվարին պայմաններում առևտրային ուղիները բաց պահելու նպատակով: Բանկը ծանր իրավիճակում հայտնված հաճախորդների համար կառաջարկի նաև արագընթաց ռեստրուկտուրիզացիայի միջոցներ:
Բանկը կամրապնդի գոյություն ունեցող ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է աջակցել հատկապես ՓՄՁ-ներին և այն կորպորացիաներին, որոնք դեռևս ՎԶԵԲ-ի հաճախորդ չեն հանդիսանում՝ այդպիսով տնտեսության իրական հատվածը դարձնելով ավելի կայուն, բանկային համակարգի միջոցով տրամադրելով ուղղակի և անուղղակի ֆինանսավորում: «Սոլիդարության փաթեթի» մեկ այլ բաղադրիչ է հանդիսանում ենթակառուցվածքների հիմնական պահանջները բավարարելու՝ արտակարգ իրավիճակների նոր ծրագիրը։
Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի թիրախում տնտեսության բոլոր ոլորտներն են, բայց հատկապես նրանք, որոնք առավել շատ են տուժել ճգնաժամից, ներառյալ ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են զբոսաշրջությունը և հյուրընկալությունը, ավտոմոբիլային և տրանսպորտային ծառայությունները, ագրոբիզնեսը և բժշկական պարագաների մատակարարները:
Այս համաճարակը կարող է ամրապնդել և խորացնել հասարակության մեջ առկա անհավասարությունները և վտանգել կլիմայի փոփոխության դեմ պայքարում մեծ դժվարությամբ ձեռք բերված նվաճումները։ Իր գործունեության տարածաշրջանների երկրների տնտեսությունները պաշտպանելու հետ մեկտեղ ՎԶԵԲ-ը կձգտի պահպանել անցումային նվաճումները` ապահովելով ներառականության և գենդերային հավասարության սկզբունքները ճգնաժամին արձագանքելիս, ինչպես նաև հավատարիմ մնալով կանաչ տնտեսության անցում կատարելու իր հանձնառությանը։
Մանրամասն տեղեկատվության համար՝ կարդացեք:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին