2017թ. Հայաստանը վավերացրեց Կլիմայի փոփոխության մասին Փարիզյան համաձայնագիրը և ստանձնեց ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման պարտավորությունը՝ այդպիսով իր ներդրումը ունենալով կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված միջազգային ջանքերին: Եվրամիությունը (ԵՄ) Հայաստանի հետ համատեղ աշխատում է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման ու Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ուղղությամբ` մշակելով բարելավված բնապահպանական քաղաքականություն և ավելացնելով կանաչ ներդրումները` քաղաքների սոցիալական և տեխնիկական ենթակառուցվածքներն արդիականացնելու ու սահմանված նպատակներին հասցնելու համար:
Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող EU4Climate (ԵՄ-ը կլիմայի համար) ծրագիրը աջակցում է նաև կլիմայի փոփոխության մասին տեղական և եվրոպական քաղաքականությունների ներդաշնակեցման գործընթացին: Այս առումով, Հայաստանի՝ ավելի կանաչ և կայուն տնտեսություն ձեռք բերելու ջանքերը համահունչ են «Եվրոպական կանաչ գործարքի» (European Green Deal) մոտեցումներին՝ մինչև 2050թ. հասնել ջերմոցային գազերի արտանետումների չեզոքության: Եվ քանի որ Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների գերակշիռ մասը ընկնում է էներգետիկ հատվածի վրա, վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն չափով սպառումը շատ կարևոր գործոն է բնապահպանական օգուտներին հասնելու և էներգետիկ անվտանգություն ապահովելու համար:
Վերջին տարիներին ակտուալ է դարձել արևային էներգիան, մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն ու շահագործումը: Մինչև 2030թ. ՀՀ կառավարությունը նպատակ է դրել էներգիայի ընդհանուր արտադրության մեջ արևային էներգիայի մասնաբաժինն ավելացնել մինչև 15 տոկոս կամ մինչև 1,8 միլիարդ կՎտժ-ով: Այդ կապակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը նպատակ է դրել՝ կառուցել մինչև 1,000 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ: Այսպիսով, ԵՄ-ն աջակցում է տարբեր նախագծերի իրականացմանը, որոնք նպաստում են վերականգնվող էներգիայի ռեսուրսների հիման վրա աշխատող համակարգերով շահագործվող շենքերի քանակի ավելացմանը: 2021թ. հունվարի դրությամբ ցանցին արդեն միացել են 4,144 ինքնավար արևային էլեկտրակայաններ` մինչև 500 կՎտ և 76,8 ՄՎտ ընդհանուր տեղադրված հզորությամբ:
Միջազգային դոնոր կազմակերպությունները բազմաթիվ նախաձեռնություններ են ստանձնում` աջակցելու Հայաստանի կանաչ տնտեսության զարգացմանը և վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի կրկնապատկմանը` մինչև 2030թ. կլիմայական չեզոքության հասնելու նպատակով:
ԵՄ նախաձեռնությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսագրությունում։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին