Ապրիլի 15-ից 16-ը տեղի ունեցավ ամենամյա Կայունության ֆինանսավորման ֆորումի երրորդ հանդիպումը (այս անգամ առցանց), որը նվիրված էր Արևելյան Եվրոպայի, Կովկասյան և Կենտրոնական Ասիայի երկրներին: Ֆորումի նպատակն էր գործել որպես կատալիզատոր տարածաշրջանում կայուն ենթակառուցվածքների և զարգացման ներդրումների համար` ստեղծելով երկխոսություն, ինչպես նաև կիսվելով լավագույն փորձով և քաղված դասերի օրինակներով: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 30 բանախոս և 200 մասնակից: Ֆորումի ընթացքում քննարկվել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի (ՎԷ) և էներգաարդյունավետության (ԷԱ) ներդրումները, կանաչ պարտատոմսերը, ագրոբիզնեսի կայունությունը, ֆինանսական ներառումը Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ազդեցության չափումները և գնահատումը, ինչպես նաև շատ այլ հարցեր:
GEFF-ը Հայաստանում ծրագիրն արդեն երկրորդ տարին է մասնակցում միջոցառմանը: GEFF-ը Հայաստանում և Վրաստանում ծրագրի ղեկավար պարոն Գերնոտ Կուհլիշը մասնակցել է «ԷԱ ներդրումների ֆինանսավորման մասնաբաժնի ավելացում» թեմայով պանելային քննարկմանը: Մասնակիցները քննարկել են ԷԱ ֆինանսավորումը բիզնեսի և բազմաբնակարան շենքերի համար, ինչպես նաև ԷԱ ֆինանսավորման ավելացման հետագա ուղիները։
Երկար տարիներ ԷԱ ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի առաջնահերթություններից է եղել, քանի որ այն, բացի կանաչ ֆինանսավորման ոլորտներից, կիրառելի է բազմաթիվ այլ ոլորտների համար: Չնայած տեղեկացվածությունն ու ներդրումների քանակը գնալով աճում են, այնուամենայնիվ, դեռևս կան ԷԱ նախագծերի ֆինանսավորման և արագ տարածման հետ կապված որոշ խոչընդոտներ և հնարավորություններ: Այդ խոչընդոտներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին ֆորումի ընթացքում անդրադարձավ պարոն Կուհլիշը. «Կան ինչպես օրենսդրական ու քաղաքական, այնպես էլ մշակութային, տեխնիկական և ֆինանսական բնույթի խոչընդոտներ: Չնայած տեղեկացվածության մակարդակը շատ ավելի բարձր է, քան տարիներ առաջ էր, այնուամենայնիվ, այն դեռևս ցածր մակարդակի վրա է գտնվում»: Շուկայական խոչընդոտները նույնպես մեծապես ազդում են ԷԱ ներդրումների վրա: «Սարքավորումներ ձեռք բերելիս սովորաբար որպես ներդրման հիմնական չափանիշ է դիտարկվում նվազագույն արժեք/գին հարաբերակցությունը, այլ ոչ տեխնոլոգիայի կյանքի ցիկլի արժեքը։ Ներդրում կատարելու վրա նաև ազդում են ներկրվող տեխնոլոգիաների ավելի բարձր գները, վերջնական օգտագործողների համար էժան էներգիայի գները», նշել է պարոն Կուհլիշը:
Այս խոչընդոտները հաղթահարելու համար քննարկվեցին մի քանի լուծումներ և խրախուսման մեխանիզմներ՝ ինչպես կարճաժամկետ՝ ԷԱ ֆինանսավորումը անմիջապես խթանելու, այնպես էլ երկարաժամկետ՝ այն երկարաժամկետ հեռանկարում պահելու մեթոդները: Ներդրողների համար այդպիսի խրախուսանքներ են` ներդրման հետգնման կարճ ժամանակաշրջանը, տնտեսական խթանները, հնարավորության դեպքում` հարկերից ազատման կամ դրամաշնորհի տրամադրման միջոցները: Ավելին, ըստ փորձագետների, ներդրումների ստանդարտացումը, նպատակային էներգետիկ աուդիտների անցկացումը և արտաքին կողմերից անկախության ապահովումը` սեփական, ներքին տեխնիկական կարողությունների զարգացման միջոցով, կարող են նպաստել ԷԱ ֆինանսավորման աճին: Վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացները ԷԱ ֆինանսավորման զարգացման մեկ այլ միջոց են։ Վերջին երկու տարիների ընթացքում GEFF-ը Հայաստանում ծրագիրը զբաղվում է նաև այդ հարցերով՝ անցկացնելով վերապատրաստման դասընթացներ պոտենցիալ ներդրողների, գործընկեր ֆինանսական հաստատությունների և մատակարարների համար:
GEFF ծրագիրը նպատակ է դրել նպաստել դեպի կանաչ տնտեսություն անցման գործընթացին: Այդ իսկ պատճառով, ողջունելի են նմանօրինակ միջոցառումները, որոնք տարածաշրջանի շահագրգիռ կողմերին բերում են երկխոսության, գործընկերության ստեղծման և ներդրումների նոր հնարավորություններ են ստեղծում։ GEFF-ը Հայաստանում ծրագիրը կշարունակի մասնակցել էներգախնայողության վերաբերյալ քննարկումներին, ինչպես նաև կնսպաստի առկա խոչընդոտների բացահայտմանն ու հաղթահարմանը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին