2019թ.-ի օգոստոսի 15-ին, Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած համատեղ միջոցառմանը մասնակցում էին էներգետիկ ռեսուրսներից բարձր կախվածություն ունեցող ոլորտների բիզնեսների սեփականատերեր և ղեկավարներ:
Գործարար միջոցառման նպատակն էր խթանել մաքուր էներգիայի օգտագործումը էներգաարդյունավետ և վերականգնվող տեխնոլոգիաների միջոցով: GEFF-ի փորձագետները շուրջ 50 մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն փոխանցեցին կանաչ ֆինանսավորման օգուտների և առավելությունների մասին, կանաչ ներդրումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված վերջին փորձի, ինչպես նաև բիզնեսի համար այդ ներդրումների նպատակահարմարության/շահեկանության վերաբերյալ:
GEFF-ի փորձագետներ Միխայիլ Գևորգյանի և Վարդան Խաչատրյանի ելույթներից հետո, ԱԳԲԱ Լիզինգի տնօրեն Աղասի Գասպարյանը և Հաճախորդների ներգրավման խմբի ղեկավար Վահագն Շմավոնյանը ներկայացրեցին ֆինանսական հաստատության մոտեցումները կանաչ ֆինանսավորմանը, ինչպես նաև կանաչ նախագծերի ֆինանսավորման մրցակցային սխեմաները։
Ինչպես նշեց GEFF-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բուտխուզին, «Բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների, մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն ու ստացված արդյունքներն արդեն տեսանելի են հայաստանյան բազմաթիվ բիզնեսներում: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր ընկերությունները բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցել են ֆինանսական զգալի տնտեսումներ, ինչպես նաև նպաստել արտանետումների կրճատմանը, ինչն իր հերթին ճանապարհ է հարթում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության նոր լուծումների տարածման համար։
Ինչպես հաստատեց ԱԳԲԱ լիզինգի տնօրեն Աղասի Գասպարյանը, «Հայաստանում կանաչ տեխնոլոգիաների տարածումը ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում է: «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում մենք անընդմեջ նախաձեռնում ենք ֆինանսավորման նոր մեխանիզմներ և լուծումներ՝ փորձելով հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել «մաքուր» էներգիայի աղբյուրները, հատկապես օգնելով ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներդնել էներգաարդյունավետ սարքավորումներ»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին