2019թ. Բազմակողմանի զարգացման բանկերի (ԲԶԲ/MDB) կլիմայի ֆինանսավորման վերաբերյալ համատեղ զեկույցի համաձայն, կլիմայի ֆինանսավորումը, որը իրականացվում է համաշխարհային յոթ խոշոր զարգացման բանկերի աջակցությամբ, 2019 թվականին կազմել է 61.6 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 41.5 միլիարդ ԱՄՆ դոլարը (67 տոկոսը) տրամադրվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին:
2019 թվականի զեկույցում նշված է, որ 46.6 միլիարդ ԱՄՆ դոլարը, կամ տարեկան կտրվածքով ֆինանսավորման 76 տոկոսը, ուղղված են եղել կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքների մեղմացման նախագծերին` նվազեցնելու վնասակար ջերմոցային գազերի արտանետումները և դանդաղացնելու գլոբալ տաքացման ընթացքը: Նշված աջակցության 59 տոկոսը ուղղված է եղել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին:
Իսկ 15 միլիարդ ԱՄՆ դոլարը, կամ 24 տոկոսը, ուղղված է եղել ադապտացման ներդրումներին` աջակցելով երկրներին դիմակայել կլիմայի փոփոխության հետևանքների աճող ազդեցությանը, ներառյալ երաշտների դեպքերի ավելացումը և ծայրահեղ եղանակային պայմանները, ինչպես նաև ջրհեղեղի ավելացումը և ծովի մակարդակի բարձրացումը: Ֆինանսավորման իննսուներեք տոկոսը ուղղված է եղել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին:
Բազմակողմանի զարգացման բանկերի միջոցով տրամադրվող հավելյալ ֆոնդերը, ինչպիսիք են Կլիմայի ներդրումային ֆոնդերը(CIF), Գլոբալ էկոլոգիական ֆոնդը (GEF), Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության գլոբալ հիմնադրամը (GEEREF), Կլիմայի փոփոխության դիմակայման գործողությունների Եվրոպական միության հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF), կարևոր դեր ունեն ԲԶԲ-ի կլիմայի ֆինանսավորման առաջխաղացման մեջ: 2019թ.-ին ԲԶԲ-ի զեկույցում նշված է ևս 102.7 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք համաֆինանսավորում` հանրային և մասնավոր սեկտորներից ստացված ներդրումներ, այդպիսով, տարեկան կտրվածքով դարձնելով կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցմանն ուղղված գործողությունների զուտ համաֆինանսավորման ծավալը 164.3 միլիարդ ԱՄՆ դոլարի:
Զեկույցում նշվում է, որ ԲԶԲ-երը հետամուտ են լինելու կլիմայի ֆինանսավորման մակարդակի բարձրացմանը: Բարձրաստիճան մակարդակում արված հայտարարության համաձայն, մինչև 2025 թվականը տարեկան կլիմայի ֆինանսավորմանը ուղղված ընդհանուր աջակցությունը, հավաքականորեն, կհասնի 65 միլիարդ ԱՄԴ դոլարի, որից 50 միլիարդը` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին: Իսկ ԲԶԲ ադապտացման միջոցառումների ֆինանսավորումը մինչև 2025 թվականը կկրկնապատկվի` դառնալով 18 միլիարդ ԱՄՆ դոլար:
Աղբյուր՝ ՎԶԵԲ
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին