Կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև այդ համատեքստում բիզնեսի դերն ու հնարավորություններն այն հիմնական թեմաներն էին, որոնք քննարկվեցին փետրվարի 8-ին Երևանում կայացած «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ» ՓԲԸ-ի և ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից կազմակերպված համատեղ հանրային միջոցառմանը։
Համաժողովի նպատակն էր տեղական գործարարներին ներկայացնել վերականգնվող և արևային էներգիայի օգտագործման առավելությունները, դրանց էներգաարդյունավետության բարձացման ուղիները, ինչպես նաև ՎԶԵԲ-ի ֆինանսավորման շրջանակներում նրանց առաջարկվող ֆինանսավորման լուծումները:
«Էներգաարդյունավետ բիզնես լուծումները ծախսերը կրճատելու և, միևնույն ժամանակ, կլիմայական փոփոխությունների ռիսկերը մեղմելու նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար: Հետևաբար, կարևոր է ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բիզնեսի գործունեության համար ՖՎ կայանների ներուժն առավելագույն օգտագործելուն»,- նշեց GEFF-ը Հայաստանում ծրագրի Ֆինանսական կառույցների հետ փոխհարաբերությունների պատասխանատու Միխայիլ Գևորգյանը:
Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները մասնակից կազմակերպություններին տրամադրեցին ՖՎ կայանի շահագործման, դրա կայուն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ գործնական ուղեցույց։
Էյչ-Էս-Բի-Սի Բանկի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանի խոսքով` ակնհայտ է, որ գործարարները սկսել են գնահատել վերականգնվող էներգիայի կենսական նշանակությունը CO2 արտանետումները նվազեցնելու և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունը սահմանափակելու հարցում:
Նա մասնավորապես նշեց. «Ակնհայտ է, որ նման միջոցառումները գրավում են գործարար միջավայրի հետաքրքրությունը և նպաստում շուկայի ձևավորմանը, որտեղ նախապատվությունը տրվում է բիզնես վարելու առավել կայուն եղանակներին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ»-ը ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող պարտավորություններ է ստանձնել։ Հայաստանում ևս «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» – ՓԲԸ-ն պարտավորվել է աջակցել իր հաճախորդներին անցում կատարել դեպի ցածր ածխածնային և կենսունակ տնտեսության: Այդ նպատակով մենք առաջարկում ենք ֆինանսավորման այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են վերականգնվող էներգիայի կիրառմանը և մեր հաճախորդների էներգաարդյունավետության բարձրացմանը»:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 63 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Էյչ-Էս-Բի-Սի -ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,992 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Բանկ Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
GEFF-ը Հայաստանում
GEFF-ը հանդիսանում է ՎԶԵԲ-ի ծրագիր, որը Հայաստանում իրականացվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF), Կլիմայի ներդրումային ֆոնդերի (CIF) «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) օժանդակությամբ: