ՎԶԵԲ-ը Վրաստանին 6 միլիոն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրում` համաֆինանսավորելու Հայաստանի հետ սահմանային անցակետի կամրջի կառուցման աշխատանքները:
Թիֆլիսից 60կմ հեռավորության վրա գտնվող Սադախլո-Բագրատաշեն սահմանային կամուրջը հանդիսանում է Հայաստանի ու Վրաստանի հիմնական անցակետը: Առկա ենթակառուցվածքի վերազինումը կարևոր է երկու երկրները միմյանց կապելու, դրանց միջև տարածաշրջանային առևտրին աջակցելու տեսանկյունից:
Նախագիծը հանդիսանում է «Սահմանների համալիր կառավարում» ԵՄ նախաձեռնության մի մաս: Այն նաև հանդիսանում է Վրաստանի ԵՄ չափանիշների համաձայն ենթակառուցվածքների վերազինմանն ու արդիականացմանն ուղղված պլանների իրականացման ևս մեկ քայլ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 10,3 միլիոն եվրո, մնացորդ գումարը ՎԶԵԲ-ն արդեն իսկ տրամադրել է Հայաստանին վերջինիս հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակում:
Մոլդովա, Բելոռուս և Կովկասի երկրների ՎԶԵԲ տնօրեն Բրունո Բալվաներան նշել է. «Այս ներդրումը համընկնում է ՎԶԵԲ-ի Վրաստանի վերաբերյալ վերջերս ընդունված ռազմավարությանը, որի նպատակն է նպաստել ենթակառուցվածքի արդիականացմանը և աջակցել երկրին՝ ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը: Պլանավորում ենք շարունակել մեր հաջողված համագործակցությունը երկրի իշխանության և այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ Վրաստանի հետագա զարգացումը խթանելու նպատակով: Մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, կարող ենք փոփոխություն կատարել»:
ՎԶԵԲ տրանսպորտի գծով տնօրեն Սյու Բարեթը հավելեց. «Շատ ուրախ ենք լինել նման համատեղ ծրագրի գործընկեր: Սահմանային անցակետի ենթակառուցվածքի բարելավումները կնպաստեն առավել արդյունավետ տնտեսական միջանցքի ձևավորմանը, որը կդյուրինացնի տարածաշրջանային առևտուրը և ճամփորդների հոսքը»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին