Banks.am-ին տրված հարցազրույցում GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխղեկավար Անդրո Բուտխուզին խոսում է Հայաստանում կանաչ ֆինանսավորման զարգացումների, ծրագրի գործունեության ու ձեռքբերումների, ինչպես նաև ներկայիս իրավիճակի ու շարունակական աջակցության մասին, որ GEFF-ը բերում է Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույց:
Մեկ տարուց ավել GEFF ծրագիրը գործում է Հայաստանում: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն GEFF-ի գործունեությանը, կարո՞ղ եք հակիրճ ներկայացնել ծրագիրը և դրա նպատակները:
GEFF-ը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրն է (Green Economy Financing Facility, հակիրճ՝ GEFF), որը տրամադրում է ֆինանսավորում, խորհրդատվություն, որոշ դեպքերում նաև վարկառուներին պարգևատրում՝ դարձնելով բիզնեսներն առավել մրցունակ՝ բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու և էներգաարդյունավետ գործելաոճ որդեգրելու միջոցով: GEFF-ը Հայաստանում կյանքի է կոչվում Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF), Կլիմայի ներդրումային ֆոնդերի (CIF), «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) օժանդակությամբ: Ներկայումս ծրագիրն աջակցում է Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման գործընթացում՝ տրամադրելով 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում չորս տեղական ֆինանսական կազմակերպությունների միջոցով, որոնք են՝ Ամերիաբանկը, Արմսվիսբանկը, ԱԳԲԱ Լիզինգը և Ինեկոբանկը:
GEFF ծրագիրը գործում է աշխարհի 26 երկրներում, ներառյալ Հայաստանում: Ո՞րն է մեր երկրի առանձնահատկությունը և ինչու՞ է այն ընտրվել որպես GEFF ծրագրի իրականացման երկիր:
Ներկայումս համաշխարհային միտումներն ուղղված են երկարաժամկետ կայուն տնտեսություններ կառուցելուն, ինչը շահավետ է ոչ միայն բիզնեսի սեփականատերերին ու բաժնետերրերին, այլ նաև բոլոր շահառու կողմերին: Հայաստանի համար կենսական նշանակություն ունի կայունության լավագույն փորձի ներդրումը` երկրի տնտեսական մրցունակությունը բարձրացնելու, արտաքին էներգակիրներից կախավածությունը կրճատելու և շրջակա միջավայրը պաշտպանելու համար: Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման համար մենք մեծ ներուժ ենք տեսնում․ այնպիսի տնտեսության, որը կապահովի կայուն զարգացում բնապահպանական ռիսկերի և ռեսուրսների սակավության պայմաններում՝ չվնասելով շրջակա միջավայրը: Հայաստանի կառավարությունը մեծ հետաքրքրություն ունի կայուն տնտեսության կայացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում, ինչի մասին են վկայում վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունները:
Ի՞նչ կարող եք ասել՝ կանաչ տնտեսություն ունենալու հարցում հայաստանյան բիզնեսների փորձի մասին:
Անկասկած, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում նկատվում են էներգաարդյունավետ ներդրումների և վերականգնվող էներգիայի կիրառման աճող միտումներ: Տեսնում ենք, որ ինչպես փոքր, այնպես էլ մեծ բիզնեսները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում էներգիայի և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Ցավոք, երկրում դեռևս գերակշռում է ոչ արդյունավետ, միջին որակի և երկրորդական շուկայից գնվող սարքավորումների ու մեքենաների ձեռքբերման պրակտիկան, քանի որ տեղական շատ բիզնեսներ դեռևս իրազեկված չեն, թե ինչպիսի առավելություններ ունեն կանաչ ներդրումները: Բայց փորձը ցույց է տալիս, որ գործարարներն արագ ընկալում են էներգաարդյունավետ ներդրումների արդյունքում ստացվող ծախսերի կրճատման երկարաժամկետ օգուտները: Նաև պետք է հաշվի առնել, որ այդ ներդրումներն ունեն փոխկապակցված այլ առավելություններ, որոնք կարող են լինել բազմաթիվ` կախված գործունեության տեսակից ու կոնկրետ ներդրումից։ Արտադրողներն, օրինակ, կարող են ստանալ այնպիսի առավելություններ, ինչպիսիք են ապրանքի որակի բարելավումը, արտադրողականության և արտադրանքի տեսականու աճի հնարավորությունները, ինչպես նաև արտադրության հուսալիություն, գործառնական ծախսերի կրճատում, աշխատանքի արդյունավետության ու աշխատանքային պայմանների բարելավում: Ծառայությունների մատուցման ոլորտում լրացուցիչ առավելություններ կարող են հանդիսանալ ծառայությունների մատուցման պայմանների և ծառայության որակի բարելավումը, ինչն իր հերթին անպատճառ կբարձրացնի հաճախորդի գոհունակության աստիճանը։ Անկախ գործունեության տեսակից, բիզնեսները մեծ օգուտներ են ստանում` կատարելով կանաչ և կայուն ներդրումներ: Իհարկե պետք է հաշվի առնել, որ այդ ներդրումների հնարավորությունները և լրացուցիչ օգուտները տարբեր ոլորտներում կարող են տարբեր լինել:
Շատ բիզնես սեփականատերեր դեռևս կարճաժամկետ նպատակներ են հետապնդում, այդ իսկ պատճառով, կարևոր ենք համարում նրանց ուշադրությունը հրավիրել կանաչ ներդրումների երկարաժամկետ օգուտների վրա: Այդ նպատակով, ֆինանսական և խորհրդատվական աջակցությունից բացի, GEFF-ը տրամադրում է նաև լրացուցիչ ներդրումային պարգևատրում այնպիսի ներդրումների համար, ինչպիսիք են արևային ջրատաքացուցիչների համակարգերը և արևային ֆոտովոլտային կայանները:
Ինչպե՞ս է GEFF ծրագիրը նախատեսում արձագանքել այդ մարտահրավերներին և որ՞ն է Ձեր դերը՝ որպես ծրագրի խորհրդատու:
GEFF-ն այդ մարտահրավերներին արձագանքում է` աշխատելով տարբեր թիրախային խմբերի հետ, որոնք են`
ՎԶԵԲ-ը տրամադրում է վարկային գիծ, իսկ GEFF-ի լոկալ խորհրդատուներն աջակցում են տեղական բանկերին և ներդրողներին՝ թիրախավորված կանաչ ներդրումներ իրականացնելու հարցում: ԳՖԿ-ներին տրամադրվող մեր ծառայությունները ներառում են կանաչ վարկավորման ռազմավարության, գործառույթների, մինչև անգամ ձևաթղթերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն: Այլ կերպ ասած, այն ամենն ինչ օգնում է ԳՖԿ-ներին համակարգված ձևով տրամադրել կանաչ վարկեր, ինչպես նաև ձեռք բերել փորձ՝ ապագայում ևս կայուն գարծառույթներ իրականացնելու համար: Մենք բանկերին աջակցում ենք նաև թիրախավորված կանաչ մարքեթինգային գործողություններ իրականացնելու հարցում, օրինակ, տեղական մատակարարների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման, ոլորտային կամ փորձագիտական համագործակցության հաստատման հարցերում:
Առավել կարևոր գործողություններից կարող ենք նշել բանկերի աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն երկրի երկարաժամկետ զարգացման հարցում:
Ինչպես նշեցի, տեղական բիզնեսների համար օգուտները բազմաթիվ են, քանի որ մենք օգնում ենք նրանց դառնալ ավելի մրցունակ` բացահայտելով և ընտրելով առավել խոստումնալից ներդրումների տեսակները: Մեր տեխնիկական փորձագետների թիմը այցելում է հաճախորդի գործունեության վայր` բիզնեսի կարիքներն ուսումնասիրելու և անվճար թիրախավորված խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Մենք նաև օգնում ենք բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ վաճառող տեղական մատակարարներին իրենց ապրանքատեսակները Տեխնոլոգիաների ցանկում գրանցելիս` վաճառքներն ավելացնելու և ավելի մրցունակ լինելու նպատակով: Տեխնոլոգիաների ցանկը – դա GEFF ծրագրի կողմից ընդունելի կանաչ սարքավորումների և նյութերի առցանց հարթակ է, որտեղ արդեն իսկ գրանցված է շուրջ 160 տեղական մատակարար և շուրջ 1,800 միավոր ապրանք:
Այս առցանց կատալոգը կանաչ ներդրումներն ավելի հասանելի է դարձնում բիզնեսների համար, քանի որ թույլ է տալիս որոնել, համեմատել և ընտրել իրենց բիզնեսին համապատասխանող տեխնոլոգիան: Իսկ բանկերը կարողանում են սեղմ ժամկետներում վարկի տրամադրման մասին որոշում կայացնել` այդ կատալոգից արտահանելով համապատասխան ապրանքների վկայագրերը, որոնք անրրաժեշտ են կանաչ վարկերը տրամադրելու և դրանք GEFF ծրագրի ներքո դասակարգելու նպատակով:
Ինչո՞վ է տարբերվում GEFF ծրագիրը այլ կանաչ նախաձեռնություններից/ծրագրերից:
Հայաստանում, բացի GEFF ծրագրից, կան նաև այլ կանաչ ֆինանսավորման նախաձեռնություններ։ Նման ծրագրերն այնպես են կազմակերպում իրենց գործունեությունը, որպեսզի բացառեն միմյանց հետ համընկնումը: Օրինակ, GEFF-ը Հայաստանում ծրագիրը միակն է, որը որոշակի ներդրումների համար տրամադրում է պարգևատրում: Այն նաև ունի բազմաթիվ ստանդարտացված և նախապես հաստատված տեխնոլոգիաների ցանկ, որոնք ներկայացված են առցանց հարթակում` Տեխնոլոգիաների ցանկում:
GEFF ծրագրի մեծագույն առավելություններից է նաև ծրագրի տեղական փորձագետներից կազմված թիմը, որոնց աշխատանքներն ուղղված են երեք հիմնական ուղղություններով` բանկային գործ և ֆինանսներ, տեխնոլոգիաներ և տեխնիկական աջակցություն, մարքեթինգ: Այս մոտեցումն օգնում է մեզ արձագանքել ինչպես բանկերի, այնպես էլ բիզնեսների կարիքներին և պահանջներին, ինչպես նաև տրամադրել խիստ անհատականացված աջակցություն: Իսկ կոնկրետ ներդրումային նախագծի պահանջներից ելնելով, կարող ենք ներգրավել նաև լրացուցիչ միջազգային փորձագետներ:
Որո՞նք են GEFF ծրագրի ընթացիկ արդյունքները, և արդյո՞ք դրանք համապատասխանում են Ձեր ակնկալիքներին:
GEFF ծրագրի մեկնարկը հայտարարվել էր 2018 թվականի վերջին: Մինչ օրս մենք հաջողությամբ ֆինանսավորել ենք ավելի քան 160 կանաչ նախագծեր, որոնք իրականացվել են առևտրային ընկերությունների կողմից և հանգեցրել են շրջակա միջավայրի վրա զգալի դրական ազդեցության: Ընդհանուր առմամբ, 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումների արդյունքում, հնարավոր է եղել խնայել տարեկան ավելի քան 68 ԳՎտ էներգիա և կրճատել տարեկան 16 հազար տոննա CO2 արտանետում: Այս արդյունքները, էներգիայի խնայողության առումով` չորս անգամ, իսկ CO2 արտանետումների կրճատման առումով` երկու անգամ ավել են մեր կանխատեսումներից:
Այս ամենը հնարավոր եղավ իրականացնել մեր չորս գործընկեր ֆինանսական կազմակերպություններում ինստիտուցիոնալ մակարդակով կանաչ ֆինանսավորման ներդրման ու աշխատակիցների վերապատրաստման շնորհիվ: Մոտ 165 բանկային աշխատակիցների համար անցկացված դասընթացներից ու վեբինարներից բացի, անցկացվել են նաև մասնագիտացված աշխատաժողովներ ավելի քան 150 պոտենցիալ հաճախորդների և շուրջ 70 մատակարարների համար:
Ավելին, ինչպես վերը նշվեց, ներդրում կատարելով բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներում և կիրառելով էներգաարդյունավետության բարձրացման փորձը, հայկական բիզնեսները դառնում են առավել մրցունակ:
Արդյո՞ք կարծում եք, որ GEFF ծրագրի նախանշված նպատակները կիրականացվեն և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը շարունակական բնույթ կկրի:
Միջազգային ծրագրերը, ինչպիսին է GEFF-ը, կարևոր դեր են խաղում կանաչ ֆինանսավորման մեկնարկի և իրականացման համար: Այդուհանդերձ, դրանք միայն դիտարկվում են որպես ֆինանսական մեխանիզմների կայացման մեկնարկային քայլ:
ՎԶԵԲ-ը, որպես խոշոր դոնոր, որն ունի ֆինանսական միջամտությունների հարուստ պատմություն, խրախուսում է բիզնեսին կիրառել ժամանակակից կայուն փորձը և անցում կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Այդ միջամտություններից է նաև Հայաստանի Կառավարության հետ մշտական համագործակցությունը` օրենսդրության տեսանկյունից: Բացի ՎԶԵԲ-ից, կան նաև այլ միջազգային կառույցներ, որոնք աշխատում են Հայաստանում տնտեսական միջավայրի և օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ:
Ֆինանսների տրամադրման և թիրախավորված տեխնիկական աջակցության միջոցով, GEFF ծրագիրը մասնավորապես նպաստում է հայկական ֆինանսական կազմակերպությունների և տեղական բիզնեսների գործունեության կայացմանը: Վերը նկարագրված դրական փոփոխությունները փաստում են, որ Հայաստանում կայուն կանաչ ֆինանսավորման զարգացման գործընթացը ճիշտ ուղու վրա է և իրավիճակային կանխատեսումները միայն դրական են:
Ինչպե՞ս է կորոնավիրուսի համաճարակը ազդում GEFF ծրագրի գործունեության վրա:
Կորոնավիրուսի համաճարակը աննախադեպ մարտահրավեր է Հայաստանի համար, որի տնտեսությունն ու ֆինանսական շուկան ներկայումս գտնվում են դրա ֆինանսական ազդեցության ներքո: Չնայած այդ հանգամանքին, գրեթե բոլոր բանկային ծառայությունները գործում են, նույնիսկ որոշ տեսակի բիզնեսների և տնտեսական ոլորտների համար իրականացվում է վարկավորում: Ֆինանսական կազմակերպություններն արդեն սկսել են հարմարվել աշխատանքային նոր պայմաններին և կիրառում են տեխնոլոգիաներ՝ իրենց գործառույթները և հաճախորդների հետ շփվումները անխափան պահելու համար: Այս ճգնաժամն, անշուշտ, կարագացնի ֆինանսական ոլորտի անցումը դեպի թվայնացում:
Չնայած ճգնաժամի պայմաններում բանկերն ունեն փոքր ինչ այլ առաջնահերթություններ, քան կանաչ ֆինանսավորումն է, այնուամենայնիվ GEFF ծրագրի մասնակից ԳՖԿ-ները շարունակում են իրենց կանաչ վարկավորման գործառույթները: Բացի այդ, երկրում հայտարարված արգելափակման ընթացքում, GEFF-ի թիմը շարունակել է իր աշխատանքները հեռավար վեբինարների անցկացման և վարկային հայտերի դիտարկման միջոցով:
Ընդհանուր առմամբ, մեր գործունեության հիմնական մասը մեծ ազդեցության չի ենթարկվել, քանի որ GEFF-ի թիմին հաջողվել է իր ծրագրային գործառույթներն իրականացնել առցանց անհատական հանդիպումների միջոցով: Իհարկե, իրավիճակը կարող է փոխվել՝ կորոնավիրուսի տարածման հետագա զարգացումներից ելնելով: Ուստի, մենք ուշադիր հետևում ենք շուկայի զարգացումներին և սերտ կապի մեջ ենք բոլոր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև շուկայի այլ դերակատարների հետ, ինչպիսիք են մատակարարները, պոտենցիալ ներդրողները և ասոցիացիաները:
GEFF ծրագիրը ՎԶԵԲ-ի անբաժանելի մասն է: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել COVID ‐ 19 համաճարակի դեմ ուղղված ՎԶԵԲ-ի արձագանքման միջոցառումների մասին:
ՎԶԵԲ-ն իր գործունեության 38 զարգացող երկրների համար ընդլայնել է ֆինանսավորման ծավալները՝ ճգնաժամի հասցրած վնասների դիմակայմանն աջակցելու նպատակով: Որպես ճգնաժամի նախնական արձագանքման միջոցառում, Բանկը հայտարարել է իր «Սոլիդարության փաթեթ»-ի մասին, որի առանցքային լուծումը «Ճգնաժամին դիմակայելու ծրագիրն» է․ այս ծրագրով ֆինանսավորում է տրամադրվում գործող հաճախորդների կարճաժամկետ իրացվելիության և շրջանառու միջոցների կարիքների բավարարման նպատակով:
Այժմ ՎԶԵԲ-ը պատրաստ է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել 2020-2021թթ․ ժամանակահատվածում: Աջակցության տրամադրման գործընթացում, Բանկը շարունակելու է իր սերտ համագործակցությունն այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ, ներառյալ տեղական մակարդակում` ըստ անհրաժեշտության տնտեսություններին և հաճախորդներին արդյունավետ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով: Ավելացված աջակցության հետ մեկտեղ, ՎԶԵԲ-ը սովորականից ավելի մեծ ուշադրություն է դարձնելու օրենսդրական բարեփոխումներին ուղղված աջակցությանը` համաճարակի կարճաժամկետ ու երկարաժամկետ հետևանքներին արձագանքելու նպատակով:
Այցելեք նաև banks.am:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին