Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման համար առանցքային կարևորություն ունի բնակելի և հանրային շենքերի ոլորտը, քանի որ էներգիայի սպառման շուրջ 40%-ը վերագրվում է այդ ոլորտին: Շենքերում էներգաարդյունավետությունը բարձրացնելու բազմաթիվ եղանակներ կան:
Նորակառույց շենքերը պետք է նախագծվեն այնպես, որ սպառեն հնարավորինս քիչ էներգիա և համապատասխանեն RACN 24-01-2016 «Շենքերի ջերմային պաշտպանության» շինարարական նորմերին: Առկա բնակարանային ֆոնդի զգալի մասը նույնպես պետք է վերափոխել` ավելի էներգաարդյունավետ շենքեր ունենալու նպատակով: Հնացած պատուհանները և առանց ջերմամեկուսացման տանիքներն ու արտաքին պատերը, մասնավորապես հին շենքերոմ, էներգիայի կորստի պատճառ են հանդիսանում: Շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման, ջեռուցման հին համակարգերի փոխարինման և պատուհանների վերանորոգման արդյունքում հնարավոր է կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը, բարելավել բնակարանների հարմարավետության մակարդակը և ավելացնել գույքի արժեքը, միաժամանակ` դրական ազդեցություն ունենալով կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված գործընթացում:
Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը պահանջում է նաև համապատասխան օրենսդրական նորմերի մշակում, ինչպես նաև համազգային ու տեղական նախաձեռնությունների արդյունավետ ներդրում` աջակցելու անհատական էներգետիկ նախագծերի իրականացմանը և խթանելու բնակարանային ֆոնդում օրինակելի նախագծերի տարածմանը: Իսկ, տվյալների բազայի հասանելիության դեպքում, ինչպես նաև ընդհանուր ցուցանիշների մշակման ու օգտագործման շնորհիվ` շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան կայացնել առավել ճիշտ որոշումներ, համագործակցել և մշակել ապացույցների վրա հիմնված քաղաքականության ներդրման:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, 2020 թ․ մայիսի 12-ին ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել էին Էներգաարդյունավետության տվյալների կառավարման առցանց աշխատաժողով։ Հանդիպման նպատակն էր բացահայտել տվյալների կառավարման համար գործիքների մշակման միջոցները, որոնք նպաստելու են շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը` հիմք ընդունելով միջազգային օրինակները և փորձը: Այս հանդիպումը առավել քան կարևոր միջոցառում էր, հաշվի առնելով վերը նշված նկատառումն առ այն, որ տվյալների բազայի հասանելիության, ինչպես նաև ընդհանուր ցուցանիշների մշակման և օգտագործման դեպքում շահագրգիռ կողմերը հնարավորություն կստանան կայացնել առավել ճիշտ որոշումներ, ինչպես նաև մշակել ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և համագործակցել տարբեր նախագծերի իրականացման համատեքստում:
Խոսնակների ելույթների և ինտերակտիվ քննարկումների արդյունքում, ավելի քան 60 մասնակիցներ հնարավորություն ունեցան կիսվել շենքերի էներգաարդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ կարևոր բաղադրիչների և մարտահրավերների իրենց տեսլականով: GEFF-ը Հայաստանում ծրագրի տեղական թիմը մասնակցեց միջոցառմանը, մասնավորապես` տեղական և տարածաշրջանային նախաձեռնությունների և նորարար ֆինանսական գործիքների քննարկումներին:
«Շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումները` լինի դա նոր կառուցվող շենքերի կամ առկա բնակարանային ֆոնդի ամբողջությամբ վերանորոգման տեսքով, մեծ ներուժ ունեն Հայաստանում` աշխատատեղերի ստեղծման, ոլորտի զարգացման և ջերմոցային գազերի արտանետման ծավալների կրճատման առումով», նշեց GEFF ծրագրի ԳՖԿ հարաբերությունների ղեկավար Միխայիլ Գևորգյանը: «Այնուամենայնիվ, նման ներդրումները խթանելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան օրենսդրական դաշտ, ինչպես նաև շինարարական նախագծերի իրականացմանն ուղղված ազգային և տեղական նախաձեռնությունների արդյունավետ գործարկում»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին