Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Հայաստանի Կենտրոնական բանկը դարձավ «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» (NGFS) միջազգային հեղինակավոր հարթակի լիիրավ անդամ։ 2021թ. նոյեմբերին ԿԲ-ն կատարեց ևս մեկ կարևոր քայլ ուղված կայուն ֆինանսավորմանն ինտեգրված մոտեցման մշակմանը և միացավ «Կայուն բանկային և ֆինանսական հարթակին (Sustainable Banking and Finance Network): SBFN-ը զարգացող շուկաների ֆինանսական հատվածի կանոնակարգողների, կենտրոնական բանկերի, արդյունաբերական ասոցիացիաների և շրջակա միջավայրի կարգավորողների կամավոր համայնք է, որն առաջ է մղում կայուն ֆինանսավորումը ազգային զարգացման առաջնահերթությունների, ֆինանսական շուկաների զարգացման և կայունության ապահովման նպատակով (ներկայումս 68 հաստատություն 45 երկրներից): Մոտեցումները հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա՝ արտացոլելով ազգային ենթատեքստն ու առաջնահերթությունները:
Համայնքն առաջացել է բանկային կարգավորողների և ասոցիացիաների կողմից արտահայտված կոլեկտիվ կարիքից ելնելով. որպես կայուն բանկային գործունեության գիտելիքի և ուսուցման համաշխարհային հարթակ: Հիմնական նախաձեռնողներից մեկը Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) է, որը հանդես է գալիս որպես տեղեկատվական գործընկեր և անդամներին կապում է գլոբալ զարգացման գործընկերների հետ:
SBFN-ի հիմնական նպատակներն են.
(ա) Տրամադրել տեխնիկական աջակցություն՝ նպատակ ունենալով աջակցել անդամներին բարենպաստ միջավայրի ստեղծման գործում՝ ազգային կայուն ֆինանսական շրջանակների մշակման և իրականացման միջոցով
(բ) Համաշխարհային հարթակ հրավիրել նեղ ոլորտային մասնագետներին՝ լավագույն փորձից օգտվելու և կոլեկտիվ ուսուցումը խորացնելու համար
(գ) Ապահովել կարողությունների զարգացում և գիտելիքների փոխանակում՝ կենտրոնանալով անդամների միջև մասնագետների փոխանակման վրա:
IFC-ն աջակցում է գործունեության իրականացմանը և տեխնիկական աջակցություն է տրամադրում SBFN-ի անդամներին՝ հիմնվելով բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) կայունության չափանիշների սահմանման և կիրառման գործնական փորձի վրա, ինչպես նաև զարգացող շուկաներում մասնավոր հատվածին ներդրումներ կատարելով և խորհրդատվություն մատուցելով կանաչ/կլիմայի ֆինանսավորման նորարարության մասին:
Աղբյուր: ԿԲ
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին