Amber Capital Armenia-ն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արևային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությունը, Հայաստանի արևմուտքում՝ Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայան կառուցելու և շահագործելու համար:
Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչև 2021թ. ավարտը և կարտադրի տարեկան 7,5 ԳՎտժ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը և կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության և էլեկտրակայանի շահագործման ոլորտում։
Էկովիլ ընկերությունը, որը նաև հանդիսանում է Կանաչ տեխնոլոգիաների ցանկի (GTS) մատակարար և Հայաստանում կոմերցիոն արևային էլեկտրակայանների և տանիքների ՖՎ համակարգերի մշակման ու կառուցման ոլորտում առաջատարներից, մրցութային կարգով շահել և կնքել է ծրագրի ինժեներական և շինարարական աշխատանքների կատարման պայմանագիրը:
Սա առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի կողմից և կառավարվում Amber Capital-ի կողմից։ Այն ձգտում է Հայաստանում ներդրումներ կատարել կենսունակ փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ): Ծրագրի ֆինանսավորումը իրականացվել է Ամերիաբանկի կողմից։
Amber Capital Armenia-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը ինչպես երկրի, այնպես էլ հիմնադրամի համար՝ շեշտելով, որ վերականգնվող էներգիան հիմնադրամի առաջնահերթություններից մեկն է: «Արևային էներգիայի այս ծրագրում մեր ներդրումը շուկայում առաջատար վերականգնվող էներգետիկայի ակտիվների պորտֆելի ստեղծման մեր ռազմավարության առաջին քայլն է` պահպանելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ամենաբարձր չափանիշները», ասել է նա: «Մենք մեծ ներուժ ենք տեսնում և շարունակում ենք փնտրել վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումային հնարավորություններ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի ներուժին «կանաչ» էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Մենք շատ ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի և Էկովիլի հետ`այս կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»:
Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մաքուր էներգիայի արտադրության ծավալների մեծացումը կարևոր քայլ է Հայաստանում ածխաթթու գազի արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխության խնդրի լուծման ուղղությամբ: Սա երկրի՝ արևային էներգետիկայի ոլորտում հզորությունները խթանելու ևս մեկ քայլ է: ՎԶԵԲ-ի հիմնական նպատակներից է դեպի ցածր ածխածնային տնտեսություն անցում կատարելը»:
ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը առանցքային նշանակություն ունի երկրի բիզնես միջավայրի և ներդրումային կլիմայի համար՝ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի ստանդարտներին համապատասխան: Ուրախ ենք և հպարտ, որ Հիմնադրամի առաջին ներդրումը վերականգնվող էներգիայի ոլորտում է, ինչը նշանակում է, որ Հայաստանում առկա է կայուն ֆինանսավորման և ներդրումների համար ներուժ։ ԵՄ-ը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցել երկրին և նրա մասնավոր հատվածին «կանաչ» վերականգնման, տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ուղու վրա: Դեպի կանաչ տնտեսություն անցումն արդեն ճանապարհին է և այն անկասելի է»:
Հոդվածի բնօրինակը հասանելի է ՎԶԵԲ-ի կայքում։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին