Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միացել է գլոբալ զարգացմանն ուղղված մի շարք այլ կազմակերպություններին՝ միանալով կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային շարժմանը՝ Փարիզում տեղի ունեցող One Planet գագաթնաժողովին:
ՎԶԵԲ-ը արդեն իսկ տրամադրում է իր տարեկան ընդհանուր ներդրումների 40%-ը կլիմայի ֆինանսավորման համար: Սա այն ցուցանիշն էր, որ Բանկը նպատակ էր դրել հասնել միայն 2020 թվականին:
Փարիզում ՎԶԵԲ նախագահը հայտարարեց Բանկի կանաչ քաղաքների խթանմանն ուղղված պլանների մասին՝ Քաղաքապետերի համաշխարհային դաշինքի հետ համատեղ նախաձեռնելով Կանաչ քաղաքների կլիմայի ֆինանսավորման աքսելերատորը (GCoM): GCoM-ը հանդիսանում է շուրջ 7,500 քաղաքների և տեղական ինքնակառավարման մարմինների միջազգային դաշինք, որտեղ վերջիններս միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ խթանել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը և նպաստել ցածր արտանետումներ ունեցող և կայուն կլիմայական պայմաններում ապրող հասարակության ձևավորմանը:
Համաձայն նոր գործընկերության համաձայնագրի, ՎԶԵԲ-ը և GCoM-ը նպատակ ունեն շուրջ 60 երկրներում զարգացնել և իրականացնել կլիմայի փոփոխությունների դեմ ուղղված գործողություններ, ներառյալ մի շարք երկրներ, որոնք դեռևս չեն դիտարկվել որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարող աջակից պետություն: ՎԶԵԲ-ը նաև հավելեց, որ պլանավորվում է 100 միլիոն դոլարի ներդրում կատարել “Amundi Planet – Emerging Green One” հիմնադրամի համար, որի նպատակն է դառնալ աշխարհի ամենամեծ պարտատոմսերի կանաչ հիմնադրամը, որի գործունեությունը բացառապես ուղղված կլինի զարգացող շուկաներին:
“Amundi Planet – Emerging Green One” հիմնադրամը հիմնադրվել է Եվրոպական ակտիվների առաջատար կառավարիչ Ամունդիի կողմից, համագործակցելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ: Այն հանդիսանում է առաջին հիմնադրամը, որը թիրախավորել է մասնավոր ֆինանսական կազմակերպությունների կողմից դուրս գրված կանաչ պարտատոմսերի ներդրումները:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին