Փետրվարի 6-7, ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոնը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ հանդիպելու կառավարության անդամների և այլ գործընկերների հետ: Ստորև ներկայացվում են նրա այցից որոշ մանրամասներ։
ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոնը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` քննարկելու «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակմանն ուղղված համատեղ ջանքերը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության ու տնտեսվարման մոդելային փոփոխությունների անհրաժեշտությունը:
Իր խոսքում նախարարը նշել է, «ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը շատ կարևոր է Հայաստանի տնտեսական կյանքում: Մենք շատ կարևորում ենք այն փաստը, որ բանկը նպատակաուղղված աշխատում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ: Այս ոլորտում մենք չենք կարող ակնկալել ծավալուն ֆինանսական հոսքեր` առանց միջազգային ստանդարտներին համապատասխանող բարձր մակարդակի կորպորատիվ կառավարման»:
Ի պատասխան՝ պարոն Հիլբրոնն հայտնեց, «Հայաստանը զգալի աշխատանքներ է կատարում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ: Ակնկալվում է, որ ՎԶԵԲ-ի 69 անդամ պետությունների տարեկան ժողովից հետո, որը տեղի է ունենալու 2021 թվականի գարնանը Հայաստանում, կավելանա Հայաստանի հանդեպ միջազգային լսարանի և ներդրողների հետաքրքրությունը»:
Բացի այդ, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինձաձեն հայտնեց, որ «2019 թվականը ամենահաջողվածներից է Հայաստանի հետ համագործակցության առումով: ՎԶԵԲ-ը 118 միլիոն եվրո ներդրում է ունեցել Հայաստանում 15 ծրագրերի իրականացման համար, և Բանկը շարունակում է աջակցել մասնավոր հատվածին` ուղղակի վարկավորման և Հայաստանում ՎԶԵԲ-ի գործընկեր ֆինանսական հաստատություններին վարկային գծերի տրամադրման միջոցով: 2019 թվականին Հայաստանում մեր գործունեության կարևոր ոլորտներից մեկը ֆինանսական ոլորտն է, որի միջոցով տեղաբաշխված 74 միլիոն եվրոն աջակցում է փոքր բիզնեսին, կանաչ վարկավորմանը և գործարար կանանց: Մեկ այլ կարևոր նախագիծ է ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում` Գյումրիում փողոցային լուսավորության և վերականգնման ծրագիրը: Համագործակցության հիմնական ոլորտներից մեկը էներգետիկայի ոլորտն է: Մենք շարունակում ենք նաև մեր համագործակցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, որն իրականացնում է բազմամյա ծրագիր ուղղված Հայաստանում բաշխիչ ցանցի արդիականացմանը: Ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց բացի, ՎԶԵԲ-ն իրականացնում է քաղաքական երկխոսություն ՀՀ Կենտրոնական բանկի հետ կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ: 2020 թվականին մեր աշխատանքը կկենտրոնանա ֆինանսական ոլորտի վրա: Մենք կընդլայնենք էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացումը՝ աջակցելով կառավարությանը վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքների զարգացման գործում»:
2019թ.-ը ՎԶԵԲ-ի համար ռեկորդային էր իր գործունեության երկրներում ազդեցության ձևավորման տեսանկյունից, որը պայմանավորված էր երեք մայրցամաքների 38 տնտեսություններում իր ներդրումների որակով և քանակով: Բանկը ֆինանսավորել է աննախադեպ 452 նախագիծ՝ նախորդ տարվա 395-ի համեմատ: Ֆինանսավորումը Բանկի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 10 միլիարդ եվրոն՝ 9,5 միլիարդ եվրոյից հասնելով 10,1 միլիարդ եվրոյի: ՎԶԵԲ-ի կանաչ տնտեսության ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերը 2019 թվականին գերազանցել են ռեկորդային 4,6 միլիարդ եվրոն, այն է ֆինանսավորման ընդհանուր ծավալի 46 տոկոսը՝ ընդգծելով ՎԶԵԲ-ի մասնակցությունը կլիմայի համաշխարհային օրակարգին:
Նյութը հիմնվում է banks.am և ebrd.com կայքերի տարբեր հաղորդագրությունների տվյալների վրա:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին