Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում իր հին բազմաբնակարան շենքերի ամրապնդման և արդիականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով երկարացնել դրանց կյանքի տևողությունը և բարելավել էներգաարդյունավետությունը։ Քանի որ այս շենքերի մեծ մասը կառուցվել է 30-60 տարի առաջ, այս նախագծի մեջ ներառվել է շինությունների ջերմամեկուսացումը, էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրումը, ջեռուցման և հովացման համակարգերի արդիականացումը և արևային ֆոտովոլտային համակարգերի և էներգաարդյունավետ լուսավորության ներդրումը: Նախաձեռնությունը, որը հայտնի է որպես «Շինությունների Էներգաարդյունավետ արդիականացում», 2017 թվականից ղեկավարվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, որին աջակցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Արուս Մկրտչյանի նման շատ բնակիչներ, ովքեր բնակարան են գնել Սպիտակի արդիականացված շենքում, ունեցել են ծախսերի զգալի կրճատում։ Նախկինում Արուսը ձմռանը ծախսում էր մինչև 50,000 դրամ (105-ից – 130 ԱՄՆ դոլար) իր երկու սենյականոց բնակարանը ջեռուցելու համար։ Սակայն իր նոր երեք սենյականոց բնակարան տեղափոխվելուց հետո նա հունվարին վճարել է ընդամենը 26,000 դրամ (68 ԱՄՆ դոլար) գազի և 8,800 դրամ (23 ԱՄՆ դոլար) էլեկտրաէներգիայի համար։ Ֆինանսական խնայողությունները և հարմարավետությունը շատ ցանկալի են դարձրել արդիականացված բնակարաններում ապրելը։
Ծրագիրն իրականացնելու համար շենքի բոլոր բնակիչների համաձայնությունը ստանալիս առաջանում են բազմաթիվ մարտահրավերներ: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր միանում են ծրագրին, հնարավորություն են ունենում կրճատել էներգիայի ծախսերը։ ՀՀ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և «Շինությունների էներգաարդյունավետ արդիականացման ոլորտում ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի հետ համատեղ համաֆինանսավորում է այս ծրագիրը։ Էներգաարդյունավետության փորձագետ Արթուր Ծուղունյանի գնահատմամբ՝ արդիականացման միջոցառումները կարող են խնայել ծախսերի 40-50%-ը՝ զգալիորեն բարձրացնելով ջերմային հարմարավետության մակարդակը և բարելավելով մարդկանց կյանքի որակը։
Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաք Երևանից դուրս՝ ներառելով Հայաստանի տարբեր մարզերը: Ալավերդի, Տաշիր, Դիլիջան, Սպիտակ, Բերդ, Գյումրի, Քաջարան և Աշտարակ քաղաքներում վերափոխվել և արդիականացվել են ոչ միայն բնակելի շենքեր, այլև մանկապարտեզներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ: Ծրագիրը նաև խթանում է հայկական բանկերի կողմից տրամադրվող կանաչ վարկերը՝ հեշտացնելով ներդրումների գործընթացն այնպիսի էներգաարդյունավետ բաղադրիչներում, ինչպիսիք են արևային վահանակները, ջերմամեկուսացումը և լուսավորության արդիականացումը:
Էներգաարդյունավետության բարելավումը կրճատում է ջերմոցային գազերի արտանետումները և նպաստում Հայաստանի բնապահպանական նպատակների իրականացմանը: Ակնկալվում է, որ արդիականացման ծրագրի արդյունքում ստացված էներգիայի խնայողությունները 20 տարվա ընթացքում կնվազեցնեն ածխաթթու գազի արտանետումները մինչև 1,4 մլն տոննայով։ Քանի որ տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի սպառումը զգալի մասնաբաժին ունի երկրում էներգիայի սպառման մեջ, ապա արդիականացումն այս ոլորտում վճռորոշ դեր կխաղա արտանետումների նվազեցման գործում։ Ունենալով ավելի քան 4,000 պանելային բնակելի շենքեր, Հայաստանն ունի էներգաարդյունավետության բարելավման հսկայական ներուժ:
Էներգաարդյունավետության բարձրացումը, բացի բնապահպանական օգուտներից, ունի նաև դրական տնտեսական ազդեցություն: Էներգաարդյունավետ միջավայրը ներգրավում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ ներքին ներդրումներ, նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը և կայունացնում երկրի ֆինանսական հոսքերը: Նույնիսկ աշխատուժի պահպանման և հարկերի ավելացման պայմաններում, Հայաստանում առկա է շինարարության ոլորտի աճ։ Շենքերում էներգաարդյունավետության բարձրացման գործընթացը նոր ֆինանսական հնարավորություններ է ստեղծում այլ ոլորտների մասնագետների համար ևս՝ հետագայում խթանելով նաև երկրի տնտեսական զարգացումը:
Վերոնշյալ էներգաարդյունավետության միջոցառումները ցանկացած բազմաբնակարան շենքերի համար՝ հին թե նոր, աջակցվում և ֆինանսավորվում են նաև GEFF ծրագրի կողմից: GEFF-ը կարևոր դեր է խաղում էներգաարդյունավետության այս նախաձեռնությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման ապահովման գործում՝ նպաստելով Հայաստանի կայուն զարգացման նպատակներին և ստեղծելով ավելի կանաչ ապագա մեր երկրի բնակչության համար: