2015 թվականին Փարիզյան համաձայնագիրը համախմբեց մոտ 200 պետությունների՝ աշխարհի գրեթե բոլոր պետությունների ղեկավարներին մեկ համաձայնագրի շուրջ, որի նպատակն էր գլոբալ տաքացման հանգեցնող ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը։
Փարիզյան համաձայնագրից վեց տարի անց, պետությունների ղեկավարները կրկին հանդիպեցին Գլազգոյում (Շոտլանդիա) ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցով 26-րդ համաժողովի շրջանակում, որը հայտնի է նաև COP26՝ վերանայելու 2015 թվականին կլիմայի փոփոխության վերաբերյալ հանձն առնված պարտավորությունները։ COP26-ի արդյունքում ստեղծվեց Գլազգոյի կլիմայի փոփոխության վերաբերյալ պայմանագիր, որը հաջորդ տասնամյակի համար կդառնա կլիմայի փոփոխությունների վերաբերյալ օրակարգի հիմք։
Կողմերի համաժողովի (COP – Conference of the Parties) պատմության մեջ առաջին անգամ երկրները պարտավորվել են սահմանափակել ածուխի օգտագործումը, որը հանդիսանում է CO2 արտանետումների մեծ մասնաբաժնի պատճառը: Ավելին, 100-ից ավել պետությունների ղեկավարներ խոստացել են մինչև 2030 թվականը դադարեցնել անտառահատումները: Պետությունները նաև պայմանավորվել են կրկին հանդիպել 2022 թվականին՝ իրենց համար սահմանելու CO2 արտանետումների հետագա կրճատումների սանդղակը՝ ջանալով պահպանել ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճան ցելսիուսի սահմաններում:
Գլազգոյի կլիմայի փոփոխության վերաբերյալ պայմանագրի մեկ այլ հիմնադրույթ է զարգացող երկրների համար կլիմայի ֆինանսավորումն ավելացնելու պարտավորությունը՝ օգնելու նրանց հաղթահարել կլիմայի փոփոխության հետևանքները և արագացնել նրանց անցումը մաքուր էներգիայի աղբյուրներին: Համաշխարհային առաջնորդները նաև համաձայնել են աստիճանաբար դադարեցնել սուբսիդիաները, որոնք արհեստականորեն իջեցնում են ածուխի, նավթի կամ բնական գազի գները։
Համաժողովին ելույթ է ունեցել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա խոսել է անդառնալի փոփոխությունների և կլիմայական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գործողությունների հրատապության մասին։ Թեև բիզնեսները գնալով ավելի իրազեկ են դառնում կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների մասին, սակայն դեռևս բավարար ջանքեր չեն գործադրվում քայլերը մասշտաբային դարձնելու ուղղությամբ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկել վերականգնվող էներգիայի շրջանակային պայմանների բարելավման ուղղությամբ, օրինակ՝ ընդունելով ցանցային հաշվառման պրակտիկան։ Ավելի շատ բիզնես ոլորտներ ներգրավելու և ջանքերը մասշտաբային դարձնելու համար անհրաժեշտ է կլիմայի հետ կապված համապատասխան գործողությունների հետագա զարգացում, որն իր մեջ կներառի էներգաարդյունավետության լավագույն օրինակների և ներդրումների կիրառմանն ուղղված միջամտություններ:
Ներկայումս, Հայաստանում իրականացվում են հիմնականում միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) կողմից նախաձեռնված ֆինանսավորման աջակցության մեխանիզմներ։ Դրանցից մեկը՝ ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագիրն է, որն աջակցում է էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացմանը, ինչպիսիք են հողի կայուն կառավարումը և ջրի արդյունավետությունը: Նման ներդրումները թույլ են տալիս զգալիորեն խնայել էներգիա և գումար, մեծացնել էներգետիկ անկախությունը և կրճատել բիզնեսի տարեկան արտանետումները՝ նպաստելով վերը նշված նպատակների իրագործմանը:
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP27) հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի Եգիպտոսում: Վերջնական նպատակն է շարունակել արտանետումների կրճատումը մինչ պետությունները զրոյի կհասցնեն ջերմոցային գազերի արտանետումները 2050 թվականին:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին