ՀՀ կառավարությունն նիստում հաստատել է արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, որը ձևավորվել է միջազգային մրցույթի արդյունքում:
«Աննախադեպ սակագին սահմանեցինք՝ 4,19 ցենտ: Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արևային էներգետիկան», ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը:
Նա հայտնել է նաև, որ հայեցակարգով նախատեսվում է մինչև տարեվերջ Հայաստանում կառուցել կուտակիչ կայան՝ 14 ՄՎտ կուտակային հզորությամբ, որ կլինի աշխարհում 10-րդը: «Այսինքն՝ Հայաստանը կմտնի այն տասնյակի մեջ, որոնք արդեն իրենց երկրներում զարգացրել են արևային առաջավոր տեխնոլոգիաները», նշել է նախարարի պաշտոնակատարը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ այսօր հաստատվել է Հայաստանի էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման եւ կառավարման հայեցակարգը: Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20%-ը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով՝ գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: «Փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության աստիճանը: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրակուտակիչ կայանների ներդրման, դրանց հետ աշխատանքի փորձի ձեռք բերման եւ դրանց տնտեսական արդյունավետության ճշգրիտ գնահատման նպատակով առաջարկվում է կառուցել եւ շահագործման հանձնել պիլոտային էլեկտրակուտակիչ կայան», ասված է հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին