Հայաստանն իր էներգետիկ կարիքների բավարարման համար վաղուց ապավինում է ներկրվող հանածո վառելիքին: Այնուամենայնիվ, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների գլոբալ անհրաժեշտության պայմաններում Հայաստանն այժմ ուսումնասիրում է հողմային էներգիայի չօգտագործված ներուժը: Բարենպաստ աշխարհագրական պայմանների առկայության և աճող միջազգային հետաքրքրության պարագայում, հողմային էներգիան բավականաչափ ներուժ ունի փոխակերպելու Հայաստանի էներգետիկ ոլորտը, դիվերսիֆիկացնելու էներգետիկ շուկան և նվազեցնելու կախվածությունը ներմուծվող ռեսուրսներից։
Լինելով էներգիայի մաքուր և անսպառ աղբյուր, հողմային էներգիան Հայաստանում հիմնականում մնում է չօգտագործված: 2020 թվականին Հայաստանում շահագործվող հողմային էներգիայի հզորությունը կազմել է ընդամենը 7,6 ՄՎտ, ինչը կազմում է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 1%-ից էլ պակաս։ Այնուամենայնիվ, Հողմային էներգիայի միջազգային խորհուրդն արձանագրում է աշխարհում հողմային էներգիայի կայանների աճի միտում, որը պայմանավորված է տեխնոլոգիանների առաջընթացով, ծախսերի կրճատմամբ և կառավարությունների աջակցող քաղաքականությամբ:
Հայաստանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը և տեղագրությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում հողմային էներգիայի օգտագործման համար։ Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը, որոնք բնութագրվում են բարձր լեռներով և սարահարթերով, ունեն ուժեղ և կայուն հողմային հոսքեր։ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ունի մոտ 4900 ՄՎտ հողմային էներգիայի տեխնիկական ներուժ, որը կարող է տարեկան արտադրել մոտ 14,3 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Ընդունելով էներգետիկ խառնուրդի դիվերսիֆիկացման և հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի կառավարությունը զգալի քայլեր է ձեռնարկել վերականգնվող էներգիայի աղբյուրները, այդ թվում՝ հողմային էներգիան խթանելու ուղղությամբ: 2017-2020 թվականների Էներգախնայողության գործողությունների ազգային ծրագիրը (ԷԳԱԾ) նպատակ ուներ մինչև 2020 թվականը վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի ընդհանուր սպառման մեջ ավելացնել մինչև 26%՝ հատուկ ուշադրություն դարձնելով հողմային էներգիայի զարգացմանը: Բացի այդ, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), նպաստել են Հայաստանում հողմային էներգիայի նախագծերի ֆինանսավորմանը:
Հայաստանում հողմային էներգիայի ներուժի այս ուսումնասիրությունը մեծ հնարավորություն է Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրում (GEFF) ներգրավված շահագրգիռ կողմերի համար: GEFF-ի շահագրգիռ կողմերը, ներառյալ բանկերը, ձեռնարկությունները և ներդրողները, կարող են օգուտ քաղել այս տեղեկատվությունից՝ ակտիվորեն մասնակցելով հողմային էներգիայի նախագծերի մշակմանը: Աջակցելով հողմային էներգիայի հզորության ընդլայնմանը, շահագրգիռ կողմերը կարող են նպաստել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և կատարել Փարիզի համաձայնագրով երկրի ստանձնած պարտավորությունները։ Ավելին, էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացիան հանդիսանում է ներդրումների և աճի պոտենցիալ ճանապարհ՝ առաջարկելով երկարաժամկետ կայուն եկամուտներ։
Որպես ամփոփում կարելի է նշել, որ Հայաստանում հողմային էներգիայի չօգտագործված ներուժը խոստանում է ավելի կանաչ և կայուն ապագա: Բարենպաստ պայմանների, կառավարության աջակցության և աճող միջազգային հետաքրքրության պայմաններում հողմային էներգիան կարող է վերափոխել Հայաստանի էներգետիկ ոլորտը և նվազեցնել նրա կախվածությունը ներմուծվող հանածո վառելիքից։ GEFF-ի շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն կարևոր դեր խաղալ այս անցման գործընթացում՝ աջակցելով հողմային էներգիայի նախագծերին, խթանելով կանաչ տնտեսությունը և նպաստելով Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և բնապահպանական նպատակներին:
Source: istockphoto