ՎԶԵԲ-ն ու Արմսվիսբանկը ստորագրել են 4 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ միանալով Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ իրականացվող GEFF-ը Հայաստանում ծրագրի 2-րդ փուլին։
GEFF-ը Հայաստանում ծրագրի 2-րդ փուլի շրջանակում Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին կառաջարկի մրցունակ պայմաններով վարկեր՝ մինչև 4 տարի մարման ժամկետով։ Ծրագրի շրջանակում ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանն ու մեղմացմանն ուղղված ներդրումների համար: Ֆինանսավորում կստանան՝ ջերմամեկուսացումը, արևային ՖՎ Էլեկտրակայանները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը և այլն: Բանկի հաճախորդները կարող են նաև օգտվել մինչև 1,300 նախապես հաստատված բարձր արդյունավետության տեխնոլոգիաներից` Կանաչ տեպնոլոգիաների ցանկի (GTS) միջոցով: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների հնարավորությունները: Կանաչ կլիմայի հիմնադրամը կաջակցի ծրագրին՝ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության համապատասխանություն ունեցող կանաչ ծրագրերին:
Կանաչ ծրագրերի ֆինանսավորումը մշտապես եղել է Արմսվիսբանկի ռազմավարական ուղղություններից մեկը և մինչև կանաչ ֆինանսավորման ծրագրին մասնակցելը Բանկը ՎԶԵԲ-ի և միջազգային ֆինանսական այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ ֆինանսավորել է 100-ից ավել կանաչ տեխնոլոգիաների ներդրումներ: GEFF-ը Հայաստանում ծրագրի I-ին փուլի շրջանակում Արմսվիսբանկը նպաստել է տարեկան 5,5 ԳՎտ մաքուր էներգիայի արտադրությանը և 2,747 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը` հատկացնելով 2,5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ:
Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ.-ից: Համագործակցությունը ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, էներգաարդյունավետության ծրագրերի և միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով:
Աղբյուր: ՎԶԵԲ
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին