ՎԶԵԲ-ը, արտակարգ իրավիճակի պայմաններում, հայտարարել է 1 միլիարդ եվրոյի օժանդակության «Միասնության փաթեթի» մասին, որի նպատակն է աջակցել իր գործունեության տարածաշրջանների ընկերություններին՝ դիմակայելու կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքներին:
Սա ճգնաժամային իրավիճակի պայմաններում ՎԶԵԲ-ի առաջին արձագանքն է, և Բանկը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, անել ավելին:
Փաթեթը հաստատվել է Բանկի բաժնետերերի կողմից, որոնք աջակցում են 38 զարգացող տնտեսություններում մասնավոր հատվածի զարգացմանը:
Արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը կստեղծի «կայունության գործիք»` տրամադրելով ֆինանսավորում ՎԶԵԲ-ի խոշոր բիզնես հաճախորդներին, որոնք ունեն ժամանակավոր ֆինանսական դժվարություններ:
Մեկնաբանելով գլոբալ առողջապահական ճգնաժամի իրավիճակում ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը, ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին ասաց. «COVID ‐ 19 համաճարակը և դրա տնտեսական հետևանքները աննախադեպ մարտահրավեր են ՎԶԵԲ-ի և իր գործունեության երկրների համար»: Նա նաև հավելեց, որ «Համատեղ ջանքերով` բաժնետերերի, գործունեության երկրների, գործընկերների և հաճախորդների հետ միասին, Բանկն այսօր ստեղծել է կայունության գործիք, որը ներառում է 1 միլիարդ եվրոի լրացուցիչ ֆինանսավորում հաճախորդների համար` ապահովելով արտակարգ իրավիճակներում իրացվելիության, շրջանառու միջոցների և առևտրի ֆինանսավորումը: Սա առաջին քայլն է: Բանկը պատրաստ է հետագայում ավելացնել աջակցության շրջանակը և ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ վերանայելու, ճշգրտելու և ընդլայնելու ֆինանսական գործիքները, համագործակցելով իր համագործակցության երկրների գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների և միջազգային հանրության հետ»:
Նախատեսված միջոցառումներն ուղղվելու են առևտրի ֆինանսավորման ընդլայնմանը և ֆինանսական կազմակերպությունների միջոցով մինչև երկու տարի ֆինանսավորման տրամադրմանը, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու նպատակով:
Այն կաջակցի գոյություն ունեցող վարկերի վերակառուցման գործընթացին, ներառյալ վարկերի ժամկետների երկարացում, այլ պայմանների փոփոխում և տեղական արժույթով վարկի տեղաբաշխման հնարավորություն, դիտարկելով նաև գործող ծրագրերի ֆինանսավորումը տեղական փոխարժեքի վերածման հնարավորությունը:
Արագ արձագանքման առաջնային քայլը ուղղված կլինի այն կազմակերպությունների կարիքների բարելավմանը, որոնք առավել վնաս են կրել կորոնավիրուսի տարածման հետևանքներից և դրան հաջորդած համաշխարհային տնտեսական իրարանցումներից:
Ստեղծված իրավիճակի նկատմամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելիս՝ ՎԶԵԲ-ը հետևում է իր խոշոր բաժնետերերի հայտարարություններին և համաձայնեցնում է իր քայլերը զարգացման այլ միջազգային բանկերի հետ՝ գաղափարների փոխանակման և նախորդ փորձառություններից դասեր քաղելու նպատակով:
ՎԶԵԲ-ի արտակարգ իրավիճակների միջոցառումների այս փաթեթը ներկայացվում է Բանկի արդեն իսկ իրականացվող աջակցության ծրագրի հետ միաժամանակ, որը գրանցել է ներդրումների ռեկորդային մակարդակ՝ 2019 թվականին հասնելով 10,1 միլիարդ եվրո:
ՎԶԵԲ-ի տնտեսագետները ակնկալում են, որ տնտեսական ցուցանիշների դանդաղ աճ կարելի է սպասել Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կովկասում, Ռուսաստանում և հարավարևելյան Եվրոպայում:
Այն երկրները, որոնք սերտ կապված են մատակարարման համաշխարհային ցանցերի հետ, և մասնավորապես, անմիջական կախվածություն ունեն Չինաստանից և Եվրոպայից, կտուժեն ամենից շատը: Զբոսաշրջության ոլորտը ամենայն հավանականությամբ անկում կապրի ՎԶԵԲ-ի գործունեության շատ երկրներում:
Վերջերս նավթի գների անկման զարգացումները նույնպես կանդրադառնան ՎԶԵԲ-ի գործունեության նավթարդյունահանող երկրների վրա, և այդ ոլորտի աշխատողների կողմից դեպի տուն ուղարկվող դրամական փոխանցումների հոսքը նույնպես կարող է նվազել:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին