ՎԶԵԲ-ը և ԿԿՀ-ն շարունակում են աջակցել Հայաստանում կանաչ տնտեսության անցումային գործընթացին` տրամադրելով կանաչ ֆինանսավորում Հայաստանի տեղական ֆինանսական կառույցների միջոցով: Հոկտեմբերին 4 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին (Էյչ-Էս-Բի-Սի) ՎԶԵԲ-ի (3 մլն ԱՄՆ դոլար) և ԿԿՀ-ի (1 մլն ԱՄՆ դոլար) կողմից՝ մասնավոր հատվածի վարկավորման նպատակով:
Վարկային միջոցները կօգտագործվեն տեղական մասնավոր հատվածի ենթավարկառուների կողմից՝ Հայաստանում GEFF ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան, և կուղղվեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների ֆինանսավորմանը՝ գենդերային բաղադրիչի ներգրավմամբ: Վարկային միջոցներն ամբողջությամբ կուղղվեն այնպիսի ներդրումների, որոնք նպաստում են անցմանը դեպի Կանաչ տնտեսություն: Հաճախորդը Տեխնիկական աջակցության (ՏԱ) շրջանակներում ծրագրի խորհրդատուների կողմից կանցնի վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կստանա կարողությունների զարգացման և ծրագրի իրականացման աջակցություն:
Ծրագիրն օգնում է անցում կատարելու Կանաչ տնտեսությանը՝ տրամադրելով ֆինանսական միջոցներ և գիտելիքներ ֆինանսական միջնորդներին, որոնք, իրենց հերթին, ֆինանսավորում են մասնավոր հատվածի՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականությանն ուղղված ներդրումները: Սա կնպաստի Հայաստանի անցմանը էկոլոգիապես կայուն, ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ կայուն տնտեսության:
Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Հայաստան ՓԲԸ–ն առևտրային բանկ է, որի գործունեությունը հիմնականում կենտրոնացած է կորպորատիվ բանկային ծառայությունների մատուցման վրա։ 2021թ.-ի տվյալներով Էյչ-Էս-Բի-Սի բանկն ընդհանուր ակտիվներով զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ համախառն վարկային պորտֆելով 9-րդը՝ իր 3.7% և 3.9% համապատասխան շուկայի մասնաբաժիններով։
Հայաստանում GEFF ծրագրի առաջին փուլի մեկնարկից ի վեր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հինգերորդ գործընկեր ֆինանսական կազմակերպությունն (ԳՖԿ) է, որը միանում է ծրագրին։ Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։