Սեպտեմբերի 23-ին պաշտոնական առաջին այցով Հայաստանում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը: Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընթացքի և նոր ծրագրերի մասին։
– Պրն Ռիգտերինկ, 2018-ից զբաղեցնում եք ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահի պաշտոնը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ընթացքում Հայաստանի հետ համագործակցությունը հանրային եւ մասնավոր հատվածներում։
– Ինչպես գիտեք, մենք Հայաստանում մինչ այժմ ներդրել ենք €1 մլրդ 316 մլն, եւ այս տարի նախատեսում ենք ավելացնել ներդրումների ծավալը։ Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք ստորագրել ավելի քան €100 մլն-ի պայմանագրեր։ Այս առավոտյան ես բախտ ունեցա կնքելու երկու գործարք։ Առաջինը մեր մասնակցությունն է «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդին», որ կարեւոր է ոչ միայն բաժնեմասնակցային արդյունաբերության, այլեւ կապիտալ շուկայի զարգացման տեսանկյունից։ Երկրորդը վերաբերում է էներգետիկ ոլորտին։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ մենք ստորագրեցինք երրորդ տրանշը։ Սա ցույց է տալիս, որ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել։
– Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ՎԶԵԲ-ի ծրագրերի շրջանակում հայաստանյան որոշ բանկեր ստանում են վարկեր՝ կանաչ տեխնոլոգիաներ ներդնելու հարցում փոքր բիզնեսներին վարկավորում տրամադրելու նպատակով։ Ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանը ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» մոտեցմանը համապատասխանության առումով եւ ինչպիսի՞ համատեղ աշխատանք պետք է իրականացվի այս ոլորտում։
– Հետաքրքիր է՝ այս հարցը մենք հազվադեպ ենք ստանում։ Յուրաքանչյուր տնտեսություն անցում է կատարում կանաչ տնտեսությանը որոշակի փուլերով։ Եթե նայենք ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրությանը, Հայաստանում գտնվում ենք «կանաչ» տնտեսությանն անցման սկզբնամասում։ Այս առումով շատ կարեւոր է, որ մինչեւ տարեվերջ ստորագրենք եւ ֆինանսավորենք ամենամեծ արեւային էներգիայի նախագիծը՝ 55 մՎտ հզորությամբ արեւային կայանի կառուցումը։ Ընդհանուր ներդրումը կլինի մոտ $55 մլն, որից $15 մլն-ը կամ $17 մլն-ը ՎԶԵԲ-ը կներդնի մինչեւ տարեվերջ։ Սա կարող ենք դիտարկել որպես «կանաչ» տնտեսությանն անցման մեկնարկի մաս։ Սակայն տնտեսությունը «կանաչ» դարձնել կարելի է ոչ միայն կանաչ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, այլեւ առկա էլեկտրաէներգիայի սպառման նվազեցմամբ։ Ահա այդ պատճառով էլ չափազանց կարեւորում ենք նաեւ էներգիայի արդյունավետ կիրառումը։ Քանի որ չունենք բավարար չափով կապեր շահառուների հետ, նման ծրագրերն իրականացնում ենք տեղական բանկերի հետ համագործակցությամբ։
– Հայաստան Ձեր այցի ընթացքում մի շարք հանդիպումներ եք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Որպես այդ քննարկումների ամփոփում, կարո՞ղ եք ասել՝ առաջիկա 5 տարում Հայաստանի հետ համագործակցությունը հիմնականում ո՞ր ուղղություններով է նախատեսվում իրականացնել։
– Մենք կցանկանանք շարունակել ներդրումներ կատարել ինչպես բանկային ոլորտում, այնպես էլ էներգետիկ։ Կցանկանանք տեսնել ավելի շատ վերականգնվող էներգիա, բարելավել էներգաարդյունավետության, գյուղատնտեսության, ՏՏ, արդյունաբերության ոլորտները։ Նաեւ կփորձենք ավելի շատ ներգրավել Հայաստանի կառավարությանը լայնամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերում։
Յուրգեն Ռիգտերինկի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը։ Հարցազրույցի ամբողջական տարբերակը հասանելի է Banks.am կայքում։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին